Երեկ՝ հունիսի 2-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով այլեւս հնարավոր չի լինելու իրականացնել:
«Եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի ունենա գործարք, դա կարող է գործարքը առ ոչինչ համարելու հիմք դառնալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը եւ ընդգծեց, որ դրանով ոչ թե ուզում են մարդկանց կյանքը բարդացնել, այլ, ընդհակառակը, պարզեցնել:
Տնտեսագետները, սակայն, Փաշինյանի հայտարարությանը միանշանակ չեն վերաբերվում:
Որն է օրենքի բացասական կողմերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցում:
-Պարո՛ն Պարսյան, կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ հուլիսի 1-ից առք ու վաճառքի բոլոր գործարքները անկանխիկ եղանակով են կատարվելու: Նախ՝ կխնդրեմ ասել, թե մինչեւ որքան գումարի մասին է խոսքը: Այս նախաձեռնությունն ի՞նչ բաց կողմեր ունի, որ կարող է անհանգստացնել թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց:
-Պետք է կարեւորել տնտեսության մեջ անկանխիկ գործարքների ծավալների ավելացումը, քանի որ դա թույլ է տալիս կրճատել ստվերը, վերահսկել տնտեսական գործընթացները եւ նաեւ ամբողջական տեղեկատվություն ստանալ տնտեսության մասին: Կառավարության այս որոշման համաձայն՝ այն գործարքները, որոնց արժեքը 300.000 դրամը գերազանցում է, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ փոխանցումով, քարտի միջոցով: Ենթադրենք՝ Դուք գնում եք հեռուստացույց գնելու, որի արժեքը 400,000 դրամ է. Դուք չեք կարող կանխիկով վճարել այդ գումարը: Դուք պետք է քարտով վճարումը կատարեք, հակառակ դեպքում այդ գործարքը չի լինի. սա է հիմնական կանոնը: Սա կառավարության կողմից քաղաքականություն է, ակնհայտ է, որ 300,000 դրամի շեմը շատ հեշտությամբ տնտեսվարողները կարող են շրջանցել, բնականաբար՝ գնորդի հետ համաձայնեցված:
-Այսինքն՝ ներքին պայմանավորվածություն ունենա՞ն:
-Այո, բայց դա կարող է ազդել փոքր բիզնեսի դեպքում: Օրինակ՝ փոքր, միջին բիզնեսի դեպքում, որոնք շրջանառության հարկով են աշխատում, այդտեղ ՀԴՄ կտրոնի վրա չի նշվում ապրանքի տեսակը, նշվում է միայն շրջանառության հարկը: Խնդիրն առաջանում է խոշոր բիզնեսի դեպքում. խոշոր առեւտրի կենտրոններում փոստ-տերմինալներ կան, անկանխիկ եղանակով առեւտրի հնարավորություն կա: Խնդիրը կայանում է նրանում, որ գնորդը, որ մտնի նման խանութ, կարող է չունենալ քարտ, այս դեպքում չի կարողանալու գնում կատարել: Գնորդի մոտ որոշակի խնդիր կարող է առաջանալ: Նաեւ՝ նշեմ, որ հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կկատարեն Երեւանում գործող հիվանդանոցները: Օրինակ՝ վիրահատության համար իրենց վճարները չեն կարող կանխիկով վերցնել, պետք է մարդը գնա բանկ, փոխանցում կատարի կամ քարտի միջոցով վճարի:
-Բայց այստեղ էլ կարող է հրատապության հարց լինել՝ հիվանդի առողջության հետ կապված:
-Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ. կարող են նման դեպքեր լինել: Վերջերս ինձ հիվանդանոցներից մեկն էր դիմել այդ հարցով: Նման ձեւով հիվանդանոցները կարող են իրենց մոտ տեղադրել լիցքավորվող ապարատներից եւ այդ ձեւով անել իրենց վճարումները: Եվ, բնականաբար, այս ամենը լրացուցիչ ծախս է բիզնեսի համար: Բացի այդ, բանկերը կարող են իրենց միջնորդավճարներն ավելացնել: Օրինակ՝ հիմա անկանխիկ գործարքների համար բանկերը 1-2 տոկոս են գանձում, կարող են միջնորդավճարն ավելացնել, քանի որ այդ մասով վերահսկողություն չկա: Կենտրոնական բանկը դա համարում է շուկայական դաշտ, եւ բանկերն իրենք են որոշում՝ անկանխիկ գործարքների դեպքում որքան գանձեն բիզնեսից:
-Հիմա՝ մինչեւ այս օրենքն ուժի մեջ մտնելը, որքա՞ն է կազմում բանկերի միջնորդավճարը:
-1-2 տոկոս, սակայն չենք կարող ասել, թե բանկերն ինչ վարքագիծ կարող են դրսեւորել: Հուլիսի 1-ից կտեսնենք, թե ինչ է կատարվելու: Կազմակերպությունները, եթե ուզեն իրենց մոտ քարտով առեւտրի հնարավորություն ունենալ, այս պահին 40-50.000 դրամ գումար պետք է ծախսեն, որպեսզի բանկից փոստ-տերմինալ վերցնեն քարտով առեւտրի հնարավորության համար: Սա էլ փոքր բիզնեսի համար բավականին փող է: Նոր սերնդի ՀԴՄ-ները ունեն այդպիսի հնարավորություն, բայց իրենց մեջ պետք է չիպեր տեղադրվեն, իսկ այդ չիպերը մինչեւ հիմա չի բերել եւ չի տեղադրել Կենտրոնական բանկը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՍՏԻԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Թվով 47 ծառայողական քննություններ են սկսվել ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, հարուցվել են 10 քրեական գործեր: Այս մասին հայտարարել է Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանից պարզաբանում էի պահանջել հետեւյալ հարցերի վերաբերյալ.
- խաղաղ բողոքի ակցիաների եւ հանրահավաքների սկսման օրվանից մինչեւ այսօր անհամաչափ ուժ գործադրած ոստիկանները նույնականացվե՞լ են, թե՞ ոչ,
- ոստիկանների գործողությունների կապակցությամբ ոստիկանության քանի՞ ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել,
- ոստիկանության ծառայողների նկատմամբ հարուցված ծառայողական քննություններն ի՞նչ փուլում են,
- քաղաքացիների նկատմամբ ո՞ր ոստիկաններն են բռնություն գործադրել, եւ դրանց հիմքով քանի՞ քրեական գործ է հարուցվել։
Մեկ այլ գրությամբ ոստիկանապետին տեղեկացրել էի, որ մայիսի 23-ին ոստիկանության ծառայողը իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին բացահայտ հայհոյանք էր հնչեցրել, եւ խնդրել էի դիտարկել ծառայողական քննություն նշանակելու մասին հարցը եւ ինձ տրամադրել տեղեկատվություն։
Եվ, ահա, ստացել եմ պատասխան գրություններ, ըստ որոնց՝ քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ապրիլի 18-ից սկսած՝ քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետեւանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։ Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են թվով 10 քրեական գործեր։ Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումը եւ նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։ Հետեւողական եմ լինելու»,- գրել է Թովմասյանը։
120 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱԱԾ-ԻՆ
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներն ուղղել ՀՀ ազգային անվտանգության մարմինների վարչական շենքերի կառուցման, օբյետների նախագծահետազոտական փաստաթղթերի պատրաստման համար համապատասխան ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաեւ մասնակի ընթացիկ վերանորոգումների իրականացմանը: Ըստ այդմ՝ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 120 մլն 400 հազ. դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի եւ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը:
ՋՐԾԱՂԿԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Երեխան հիվանդացել է, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել. հորդորում են մասնագետները եւ կոչ անում դիմել բժշկի: Հայաստանում ջրծաղկի դեպքերն ավելացել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսվա ընթացքում ջրծաղկի դեպքերը 576-ով ավելացել են: Մեզ հայտնի դարձավ, որ 2022թ. մարտ ամսին Հայաստանում գրանցվել է ջրծաղկի 1735 դեպք, իսկ փետրվարին այն կազմել է 1159: Ավելին՝ նշենք, որ հունվար-մարտ ամիսներին մեր երկրում արձանագրված ջրծաղկի դեպքերը կազմել են 4141, իսկ, ահա, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մեր հանրապետությունում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղկի շուրջ 2000 դեպք:
Վարակաբան Գոհար Թամազյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մեր հանրապետությունում գրանցվում են նաեւ նորածնային ջրծաղկի դեպքեր: Մեր զրուցակցի խոսքով՝ դրանք, ըստ տարիքի, համարվում են ծանր դեպքեր, որովհետեւ մինչեւ 1-2 ամսական երեխան ավելի ծանր է տանում ցանկացած հիվանդություն, քան այդ տարիքից ավելի մեծ երեխաները: Նշենք, որ ջրծաղկի ամենաբնորոշ նշանը քոր հարուցող բշտիկային ցանավորումն է, որն ի հայտ է գալիս վարակվելուց 10-21 օր անց եւ սովորաբար տեւում է 5-10 օր: Զրույցի ընթացքում մասնագետը եւս մեկ անգամ հորդորեց ծնողներին երեխայի մաշկի վրա ավելորդ նյութեր չքսել, իսկ քորը հանգստացնող միջոցը թեթեւ լոգանքն է: Ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: Հիվանդանալուց հետո ձեռք է բերվում իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդության հարուցիչը վիրուսն է: