Մայիսի 31-ի լուսադեմին բնակարանագողը հրելով բացել էր Գյումրիի Ղորղանյան փողոցի տներից մեկի պատուհանը, մտել տուն, գողացել էր զարդատուփ, արծաթյա կախազարդ, դրամապանակ, կենցաղային իրեր: Թոշակառու տանտիրուհին ձայնից արթնացել էր, բղավել, բայց գողին տեսնել կամ գողությունը կանխել չէր կարողացել. Բնակարան մտած անձը փախել էր:
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Ղորղանյան փողոց, ուսումնասիրեցին դեպքի վայրը:
Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կումայրիի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի 34-ամյա մի բնակիչ:
Կումայրիի բաժնի ոստիկաններն ու Շիրակի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով կասկածվողին հայտնաբերեցին Ջիվանու փողոցում, բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը բնակարանային գողություն էր արել նաև մայիսի 11-ից 27-ն ընկած ժամանակահատվածում. Ղորղանյան փողոցի մի տնից գողացել էր նոթբուք և «Wi-Fi» սարք։
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: