Տաշիրում կատարված սպանությունյան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հունիսի լույս 7-ի գիշերը «Տաշիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչ, 28-ամյա Սմբատ Դավոյանը։ Ավելի ուշ «Ստեփանավան» բժշկական կենտրոն էր դիմել Տաշիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Բորիս Վ.-ն՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Ոստիկանության Տաշիրի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին բժշկական հաստատություններ։ Իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երկուսն էլ վնասվածքները ստացել են նույն վայրում։ Իրավապահները մեկնեցին Տաշիր քաղաքի Անտառային փողոց. դեպքը տեղի էր ունեցել հարակից անտառում։ Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նրանք վիճել էին, այդ ընթացքում էլ Բորիս Վ.-ն, դեռևս չպարզված հրազենից, կրակել էր Սմբատ Դավոյանին, նա էլ, վիրավոր վիճակում, դանակով խփել էր Բորիս Վ.-ին։ Հրազենային վնասվածքով երիտասարդը հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց մահացել էր։
Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հիվանդանոցում գտնվող Բորիս Վ.-ն ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։