Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը կալանավորվել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազ Կորյուն Ներսիսյանն կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրաեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները: Դիմեցինք բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար, թե ԱԱԾ-ն արդյոք դիմել է ԲԴԽ դատավորների մասով, ի պատասխան հայտնեցին՝ նախաքննություն է ընթանում և այս փուլում որևէ մեկնաբանություն չունեն:
Ի դեպ ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով շոշափվող Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը:
Հիշեցենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։
Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Ք.Մ