ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 25

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ դեռ մի քանի ամիսը մեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մամուլի ասուլիսներ էր կազմակեպում ու անկաշկանդ պատասխանում լրագրողների հարցերին, նախքան հարցերին պատասխանելը նա, նախ, 100 փաստ էր ներկայացնում: Դրանց մեծամասնությունը քննության կարելի է առնել ու պարզել՝ ինչքանով են իրական եղել: 2019-ի մայիսի 8-ին, օրինակ, 100 փաստերի մեջ էր ներառել նաեւ այն «փաստը», թե իշխանությունը դատական համակարգի գործերին չի խառնվում: «Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները պաշտպանված են եւ լիարժեք կիրառելի։ Հետեւողականորեն իրականացվել է դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատում, եւ ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որեւէ մեխանիզմի կամ դրսեւորման գոյությունը»,- ասում էր Փաշինյանը:  Այս հայտարարությունից ընդամենը օրեր անց՝ նույն տարվա մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարակազմիկ հայտարարությամբ հանդես եկավ, որում քաղաքացիներին կոչ էր արել, հանուն արդար դատական համակարգի հաստատման ու դրա ամրապնդման, մայիսի 20-ի առավոտյան փակել բոլոր դատարանների մուտքերը: Ավելին՝ Փաշինյանը արդեն հունիսի 5-ին ասում էր. «Էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞»: Փաստորեն, իշխանության տարբեր ճյուղերը մեկը մյուսից իրապես տարանջատելու, իրար գործերին չմիջամտելու ու լծակներ չբանեցնելու Փաշինյանի հայտարարությունը քաղցր սուտ էր ընդամենը:

 

 

 

Ազգային ժողովի իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները նորից «վոյաժների» են մեկնել: Այս անգամ նաեւ իրենց օգնականների՝ աշխարհ տեսնելու մասին էլ են մտածել ու Սանկտ Պետերբուրգ նրանց հետ ուղեւորվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական համաժողովի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 8-11-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանն ու Լիլիթ Մինասյանը: Օգնականներից Պետերբուրգ կմեկնեն ԱԺ նախագահի ու ԱԺ նախագահի տեղակալի օգնականներ Աշխեն Հայրապետյանը, Գրետա Զորունցը, ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետ Անահիտ Աճեմյանը, ԱԺ  նախագահի գրասենյակի գործավար Լիանա Բաբաջանյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հայկազ Նասիբյանը, խմբակցության փորձագետ Նատալյա Սինորյանը (նախկինում՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական) ու ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի օգնական Աշխեն Չալիկյանը:

 

 

2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր զոհերին եւ անհետ կորածներին, հայտնել էր. «Այսօրվա դրությամբ մենք ունենք 100 նույնականացված մարմին, որոնք նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են»: Նա նաեւ նշել էր, որ կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին ու սեփական միջոցներով արտերկրում են կազմակերպում ԴՆԹ հետազոտությունը: Իսկ ի՞նչ ունենք վարչապետի հայտարարությունից 1 տարի 2 ամիս անց: «Ժողովուրդ»  օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մեծամորի եւ Հերացու դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք. հարազատները հրաժարվում են ընդունել, որ իրենց երեխաներն են: Ասել է թե՝ պատերազմից մոտ 2 տարի անց իրավիճակը չի փոխվել, եւ անգամ շատ զինվորականների առաջարկած եղբայրական գերեզման ստեղծելը մնացել է առկախված:

 

 

Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի: Պարզվում է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը եւ նպատակահարմար է գտել ներդնել նոր գծանշում, ինչը կբարձրացնի չկարգավորվող խաչմերուկներին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդների զգոնությունը եւ հետիոտնի երթեւեկության անվտանգությունը։ Մյուս կողմից՝ քաղաքացիները բողոքում են եւ ահազանգում, որ կարմիր գույնի գետնանշումը բավարար տեսանելի եւ ընկալելի չէ ճանապարհային երթեւեկության մասնակիցների կողմից, այդ իսկ պատճառով առաջարկվում է դեղին գույնի գետնանշում կիրառել, որը հնարավորություն կընձեռի այն տեսանելի եւ ընկալելի դարձնել ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար:

 

 




Լրահոս