ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապարանի ոստիկանապետի հետ պաշտոնից ազատվել են երկու տեղակալները. ինչ է քննում Ներքին անվտանգության ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ապարանի ոստիկանապետի հետ պաշտոնից ազատվել են նրա ևս երկու տեղեկալները: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բացի նրանց ազատումից Ոստիկանության ներքին անվտանգությունում ծառայողական քննություն է նշանակվել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների հարցը: Մասնավորապես, կոնկրետ բարձրացվել է իրավապահների անգործության կամ իրավիճակին չտիրապետելու հարցը:

Բանն այն է, որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, տարբեր տեղերում հանդիպել, հաշիվներ են պարզել, եւ վերջնարդյունքում տեղի է ունեցել մարդասպանություն:

Ակտիվորեն քննարկվում է, թե որ մարմնի որ ղեկավարի անգործության պատճառով տեղի ունեցան կրակոցներ, ինչու իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չի հաջողվել մի քանի օր շարունակ ընթացող բախումները վերահսկել, որ իրավիճակն այդպիսի հանգուցալուծում չունենար:

Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը եւս ծանր է:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32-ամյա տղամարդն է իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Միջադեպի մասով մամուլը հրապարակում է, որ կրակոցները հնչել են այն բանի համար, որ հայհոյել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ ահա իրավապահ համակարգը պնդում է, թե կենցաղային վեճ է եղել՝ մեքենայի ազդանշան տալու ճանապարհ չզիջելու հետ կապված:

Ք.Մ.




Լրահոս