Ստեփանակերտում խնջույքի սեղանի շուրջ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ. հունիսի 22-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ.Ս.-ն, Մ.Խ.-ի կողմից հրավիրված լինելով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 3 հասցեում կազմակերպված խնջույքին, սեղանի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելուց հետո, Կ.Ս.-ն իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է հրազեն հանդիսացող, մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը և սեփական անձի առավելությունն ընդգծելու անթաքույց մոլուցքով մղված, շրջապատին և հասարակությանը հակադրվելու, հակազդելու ցանկությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու խնջույքին ներկա գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև արհամարհելով հասարակական հարաբերություններում ընդունված համակեցության կանոնները, այդ թվում՝ հաշվի չառնելով գիշերային ժամին բնակավայրում գտնվելու հանգամանքը, նշված հրազենի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված՝ արձակել է կրակոցներ՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Հայտնում է Արցախի դատախազությունը։

Դեպքի առթիվ 23.06.2022թ. հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ : Կ.Ս.-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել և ճանաչվել է իրեղեն ապացույց:

Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:




Լրահոս