ՏԵՍԱՆՅՈՒԹ. 43 հոգի մեղադրվում է պետական դավաճանություն կատարելու մեջ. նրանք հանդիպումներ են ունեցել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ:

Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 11-ը գտնվում է կալանքի տակ:

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը:

Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նյութական օգուտների դիմաց ընդունել են հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջարկը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների, զինտեխնիկայի տեղակայումների, դրանց տեսակների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ:

Oտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսել են հավաքագրել համացանցային հաղորդակցային միջոցների օգտագործմամբ: Մասնավորապես, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական տարբեր ցանցերում՝ հիմնականում «Ֆեյսբուք», «Տիկ Տոկ», «Օդնոկլասնիկի» սոցիալական հարթակներում, անհատական օգտահաշիվներ են բացել հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորել նույն սոցիալական կայքերում զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների անվանատերերին:

Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Հանրապետություններում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս