Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի ձայնագրության վկային հրավիրել են հարցաքննության. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության վկային ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության:

Տեղեկությունը փորձեցինք պարզել Կոմիտեից, որտեղից հայտնեցին.«ԲԴԽ անդամ Ս. Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին»:

Ինչպես հայտնի է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ կամ ինչպես բոլորիս է հայտնի քրեական գործ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։

Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։

Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ օրեր անց արդեն պաշտոնապես հաստատվեց:

Ք.Մ.




Լրահոս