Ինչո՞ւ հետաձգվեց ԱԺ խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 14-ին, Ազգային ժողովի խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը չի քննարկել։ Այն խորհրդի անդամ ընդդիմադիր պատգամավորների՝ խորհրդի նիստին չգնալու պատճառով տեղի չի ունեցել, հետևաբար հարցը հետաձգվել է։

Խորհրդի անդամ ընդդիմադիր պատգամավորներից նիստին ներկա չեն եղել մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, որ նիստին որպես խմբակցության ղեկավարի փոխարինող էր ներկայանալու ու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հարցի քննարկումն, ի դեպ, հետաձգվել է մեկ շաբաթով, բայց նկատենք, որ այսօրվանից խորհրդարանն արձակուրդ է գնում։ Հետևաբար իշխանավորների նպատակները, կապված ընդդիմադիրներին մանդատից զրկելու հետ, միառժամանակով հետաձգվել է՝ մինչև օգոստոսի 25-ը։ Իսկ այդ ընթացքում, ենթադրելի է, որ հազար ու մի ջրեր կարող են հոսել։

Ս․Վ.




Լրահոս