ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահել է զենքը, դրամապանակից հանել գումարը, գցել ու փախել. ավազակային հարձակումներըւ բացահայտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած փողը, դրամապանակը գցել է ու փախել։

Քրեական ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով ժամերի ընթացքում պարզվեց ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Արմավիրի մարզում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ոստիկանության մի քանի ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունքում։ Նա հուլիսի 21-ին Երևանի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը նույն կերպ ավազակություն է կատարել նաև հուլիսի լույս 20-ի գիշերը. Աբովյան փողոցում երկու անձից հափշտակել էր տարբեր չափերի գումարներ, ինչի փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանցագործության գործիքն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս