«Թուրքիան չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ». Էրդողանը մեղադրել է Հունաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հունաստանն, իբր, վերջին շրջանում միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան, վստահ քայլերով մոտենալով Թուրքիայի Հանրապետության ստեղծման և Լոզանի պայմանագրի ստորագրման 100-ամյակին, որը նշվելու է 2023 թվականին, շարունակում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը հնարավորություն է տվել գծել Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել է Հունաստանում թուրք ազգային փոքրամասնության իրավունքները և հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։

«Վերջերս Հունաստանը միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, մասնավորապես՝ թուրք ազգային փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։ Թուրքիան չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ, որը հակասում է բարիդրացիության սկզբունքներին և համաձայնություններին հավատարիմ մնալուն։ Անկարան վճռական է բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև թուրք ժողովրդի իրավունքները ապահովելու համար»,-թուրք-հունական հարաբերությունների լարման ֆոնին հայտարարել է Էրդողանը։




Լրահոս