ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ մտադիր է խոսել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ամերիկացի դիվանագետն ասել է, որ այս շաբաթ իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ակնկալում, որպեսզի քննարկի «մի քանի շաբաթ առաջ Մոսկվային ներկայացված «էական առաջարկը» եւ փորձի հասնել «անօրինական կալանավորված երկու ամերիկացիների՝ Փոլ Ուիլանի եւ Բրիթնի Գրայների ազատ արձակմանը»։
Նա նաեւ նախատեսում է քննարկել Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի տարանցման մասին վերջերս ստորագրված համաձայնագիրը։
Պետքարտուղարությունում կայացած մամուլի ասուլիսում Բլինքենն ասել է, որ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկի Ուկրաինայի հարցը՝ կրկնելով, որ «ԱՄՆ-ը չի քննարկի Ուկրաինան առանց Ուկրաինայի»։