Օգոստոսի 17-ի ցերեկը ոստիկանության Մեծամորի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Արտաշար գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նա հայտնել էր, որ առավոտյան ժամը 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը տանը մենակ քնած է եղել, մտել են տուն և ծնողների մահճակալի ներքնակի տակից գողացել 700 հազար դրամ:
Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը պարզեց նաև, որ ներքնակի տակ մնացել էր ևս 80 հազար դրամ:
Կասկածելի հանգամանքները շատ էին, և ոստիկաններն առաջ քաշեցին նաև վարկած, ըստ որի՝ երիտասարդի քնած պահին ոչ ոք էլ տուն չէր մտել: Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով Մեծամորի քրեական հետախույզները պարզեցին, որ օգտվելով ծնողների բացակայությունից` հենց հաղորդում տվողն էր ծնողների ննջարանից վերցրել փողը:
Հաղորդումից մոտ երեք ժամ անց երիտասարդը ներկայացվեց Արմավիրի քննչական վարչություն, որտեղ էլ խոստովանեց արարքը: Արագ գործողությունների շնորհիվ հաջողվեց նաև հայտնաբերել գումարը, որը որդին թաքցրել էր բակում՝ պահածոների պահարանում: