Օգոստոսի 27-ի առավոտյան, ժամը 6.30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության էին, արագ հասան նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմեցին փախուստի:
Պարեկները հետապնդեցին` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով հասան նաև Արաբկիրի քրեական հետախույզները: Փախչողներից մեկը ձերբակալվեց և, գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` ընդհանուր ավելի քան 23 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության փորձի երկրորդ մասնակցի անձը ճշտելու, նրան հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: