«ՈՒՄՈ՞Վ» ԵՆ ԳՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀԿ գործկոմի  վերջին նիստերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր, որ կուսակցության ապագա համամասնական ցուցակում տեղ չեն ունենալու գործարարները եւ անգրագետները: Իսկ  երբ  դրանից հետո մի քանի գործարարներ ընդդիմանալու թեթեւ փորձեր էին արել` ասելով,  թե այդ դեպքում ընտրությունների վրա փող չեն դնի եւ չեն աշխատի կուսակցության համար, նախագահականից հաղորդվել էր,  որ  կաշխատեն «էշի պես»:
Երեկ տեղեկացանք, որ խիստ ընդհանուր կերպով ուրվագծվել են նաեւ ցուցակում ընդգրկվելու կամ մեծամասնականով թեկնածություն դնելու համար «դաբրո» ունենալու սկզբունքները. ցանկալի է, որ գործարար չլինեն, վարկաբեկված չլինեն, ակտիվ գործունեություն ծավալեն եւ ԱԺ գնալուց հետո ընտրողների հետ կապը պահպանած լինեն:
ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ` սրանից հետո զավեշտին հասնող տեսարաններ են տեղի ունենում. բոլորը փորձում են ապացուցել իրենց ինտելեկտուալ բարձր մակարդակը,  խոստանում են, որ այսուհետ հաջորդ գումարման ԱԺ-ում ելույթներ կունենան, ակտիվ կլինեն: Նշենք, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող 63 ՀՀԿ-ական պատգամավորներից համեմատաբար շատ ելույթներ են ունեցել Ռաֆիկ Պետրոսյանը եւ Արայիկ Հովհաննիսյանն իրենց համապատասխանաբար 29 եւ 24 ելույթներով (ելույթների թվով առաջին հորիզոնականները կիսում են «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն): Փոխարենը իշխող կուսակցության անդամները ելույթների պակասը փորձել են լրացնել «մկանների ուժով»`  քվեարկություններով` գրեթե միշտ «կողմ» քվեարկելով կառավարության կամ պատգամավորների օրենսդրական  նախաձեռնություններին:
Ամեն դեպքում, բավականաչափ իրատես լինելով` գործարարները հասկանում են, որ Սերժ Սարգսյանի ասածը վերաբերելու է ոչ բոլորին: Այսինքն` գործարարների դեպքում լինելու են բացառություններ: Այս համատեքստում բերվեց ՕԵԿ համամասնական ցուցակի նախկին  պատգամավոր ՍԱՍ-ի Արտակի օրինակը, ում կարծես   հաջողվել է ստանալ մեծամասնական ընտրակարգով թեկնածությունը դնելու «դաբրոն»: Եւ հիմա շատ գործարար պատգամավորներ փնթփնթում են, թե ինչով է Արտակն իրենցից ավելի ինտելեկտուալ:
Ինչպես տեղեկացանք, ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ ճշգրտվել է նաեւ խաղի կանոններից մեկը. ցանկացողներին հաղորդվել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուց հետո այլեւս նախկինի նման «ստրախովկաներ» չեն լինելու: Բոլորս հիշում ենք, երբ հարյուր տոկոսով վստահ լինելու համար, որ կանցնեն, ցուցակում եղած պատգամավորության  թեկնածուները «մի հատ» էլ մեծամասնականով էին առաջադրվում: ՀՀԿ-ական բավականին քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նախ կորոշի մեծամասնական ընտրատեղամասերի պատգամավորության թեկնածուներին, ապա միայն կանցնի համամասնական ցուցակին: Իսկ  դրա  վերջին ժամկետը, ինչպես նշվեց, «մինչեւ նոյեմբերի 10-ն է»: Կոնկրետ մեծամասնականներին որոշելու մեկ այլ ոչ պակաս կարեւոր սկզբունքի մասին արդեն հաղորդել էինք. մարզի` նախագահական կանչված պաշտոնյաներին` մարզպետեր, ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարներ  եւ այլք, առաջարկվում է իրատեսորեն ներկայացնել, թե այն ընտրատեղամասերում, որտեղ ավանդաբար դնում են երկու կամ երկուսից ավելի հանրապետականներ, ով ավելի շատ հնարավորություններ ունի անցնելու:  
Ի տարբերություն գործարարների` այս պահի դրությամբ ավելի հստակ է հանրապետական այսպես կոչված «հին գվարդիայի»  ճակատագիրը: Միանշանակ է, որ կարախանյաններ, զոհրաբյաններ, ռաֆիկպետրոսյաններ, մկրտիչմինասյաններ եւ շատ շատերը էլ չեն լինելու: Խոսքն, իհարկե, Գալուստ Սահակյանին չի վերաբերում: Որեւիցե կոնկրետություն չկա նաեւ ցուցակը գլխավորելու հարցում` Հովիկ Աբրահամյա՞ն, թե՞ Տիգրան Սարգսյան: Առայժմ 60-70 տոկոսով հայտնի է միայն, որ շտաբի պետը լինելու է ԱԺ նախագահը:
Կոալիցիոն մյուս կուսակցությունների համամասնական ցուցակների հարցը,  առհասարակ, մութ անտառ է մի քանի պատճառներով: Առաջին եւ հիմնականն այն է, որ անգամ ներկոալիցիոն ներկա խմորումներից առաջ ԲՀԿ-ի եւ ՕեԿ-ի համար դեռ   հայտնի չէր` իրենց կպարտադրվի կամ կառաջարկվի (նայած որի դեպքում) ընտրություններին գնալ առանձին-առանձի՞ն, թե՞ դաշինքով, ուր մնաց հիմա: Եւ մյուս կողմից էլ, եթե ԲՀԿ-ն ընտրություններին գնա առանձին, ապա կուսակցության համամասնական ցուցակը, ինչպես եւ նախկինում, կգրվի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում եւ վերջին պահին մի քանի անուններ մտցնելու համար կփոխանցվի պարոն Ծառուկյանին:  ՕԵԿ-ի դեպքում էլ իրավիճակը խիստ երկիմաստ է, քանի որ պայմանավորված է ԲՀԿ-ի մասնակցությամբ. եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ չի գալիս, ի՞նչ իմաստ ունի ՕԵԿ-ին ցուցակ մտցնել: Իսկ այդ դեպքում կուսակցության ներքին ցուցակ կազմելու տրամաբանությունն էականորեն փոխվում է: Մի խոսքով, բոլորը սպասումների մեջ են:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս