ԿԱՍԿԱԾԵԼԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում.

 

«Օգոստոսի 30-ին՝ ժամը 15:45-ին, Արցախ-Երեւան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Որոշման մեջ նշված է, թե, իբր, օգոստոսի 25-ին հրավիրել են ծանուցումով՝ հարցաքննության, այնինչ որեւէ ծանուցագիր չի հանձնվել: Այսինքն՝ այն հիմքը, որ նշվել է հարկադրաբար ներկակացնելու որոշման մեջ, իրականում գոյություն չունի: Այս ամենից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, որից հետո անհիմն ձերբակալության որոշում է կայացվել՝ այն հիմքով, թե դատարան ներկայացնելու համար կալանավորում են, բայց իրականում ձեւական առումով ձերբակալում եղավ, քանի որ այդ պահին ձերակալման որեւէ հիմք չկար, իսկ միայն դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը  բավարար չէ: Այսինքն՝ պետք է նաեւ այլ հիմնավորումներ ներկակացվեին»:

Ըստ պաշտպանի՝ գիշերը՝ 23:00-ի սահմաններում, միջնորդություն են ներկայացրել դատարան կալանքի թույլտվություն ստանալու համար եւ ներկայացրել են 50 թերթից բաղկացած միջնորդությւն եւ 3 հատոր գործի նյութեր, որոնք խիստ ծավալուն են. «Առավոտյան՝ ժամը 12:10-ի սահմաններում, նիստը սկսվել է եւ տեւել է մոտ 20 րոպե, եւ այդ ընթացքում Միքայել Արզումանյանը գտնվել է անազատության մեջ, եւ դա այն դեպքում, որ նա պետք է 11:45 -ին ազատ արձակված լիներ, այսինքն՝ նրան ապօրինի պահել են անազատության մեջ:

Այս ամենից հետո նիստը սկսվեց, եւ հայտնեցին, թե բոլոր նյութերին ծանոթացել եք, եւ ես հայտնեցի, որ այս ժամկետի մեջ անհննար է այդ աստիճան նյութերին հասցնենք ծանոթանալ, եւ խնդրել ենք ողջամիտ մեկ օր ժամանակ ծանոթանալու եւ վստահորդիս հետ քննարկելու համար: Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, ես պահանջեցի, որ ազատ արձակեն, քանի որ ժամկետը անազատության մեջ գտնվելու լրացել է, սակայն ոչինչ չարվեց: Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատարանը գտավ, որ պետք է հրատապ նիստ նշանակի, եւ հայտարարեց, որ պարզել է՝ ժամկետը լրացել է, եւ հայտարարեց, որ Միքայել Արզումանյանը ազատ է»:

Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքը դատարանում տեւական ժամանակ բարձրացրել է իր վստահորդի՝ անազատության մեջ ապօրինի պահվելու հարցը, ժամկետ տրամադրելու հարցը, սակայն կասկածելի կերպով դատավորը ըդմիջում է վերցնում եւ դրանից հետո վերադառնում է եւ որոշում, թե, այո, անձը պետք է ազատ արձակվի: Պաշտպանը դատարանում հարց է բարձրացրել, թե ով պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ Միքայել Արզումանյանը մի քանի ժամ ապօրինի անազատության մեջ է գտվել, եւ դեռ ավելին՝ ի՞նչ փոխվեց դատավորի մոտ, որ նա մինչ այդ մերժում էր մեր միջնորդությունները նյութերին ծանոթանալու համար մեկ օր ժամանակ տրամադրել, սակայն մի փոքր ուշ միգուցե ճշտումներ արեց եւ հասկացավ, որ գործով խախտումներ կան. գործի նյութերին ծանոթանալու համար ժպամանակ է պետք:  Սարգսյանի պնդմամբ՝ դատավորը որեւէ հարցի չի պատասխանել: Սարգսյանի խոսքով՝ այս ամեն ինչից ակնհայտ է, որ որոշումը արդեն կայացված է դատավորի մոտ կամ միգուցե այլ տեղ, բայց դատավորի կնիքը կդրվի. «Դատավորը փորձեց իր խախտումը վերացնել եւ արդեն կայացնել ընդունված որոշումը, քանի որ այն դատավորը, որը նման հնչեղ գործով ի վիճակի չէ տարրական իրավունքները ապահովել՝ անձի ազատության իրավունքը, անձի պաշտպանության իրավունքը, եւ միայն ընդմիջումներից հետո՝ այլ վայրերում քննարկելուց հետո, ժամկետը լրացած անձին ասում է, որ դու հիմա ազատ ես, նշանակում է, որ նա ինքնուրույն որոշում չի կարող կայացնել եւ չի կայացնելու, հետեւաբար ելքը որոշված է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Օգոստոսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետեւանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Մինչ վթարի վայրում քննչական խումբն աշխատել է, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 3 ամսական տղան, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց երեխաներն ու ազգականները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

 

 

ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 5 անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հուլիսի 27-ին ներկայացված հայցադիմումով դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

o 5 անշարժ գույքեր՝ Երեւան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 միլիարդ 530 միլիոն 135 հազար 900 ՀՀ դրամ,

o մասնակցություններ՝ թվով 3 իրավաբանական անձերում,

o 614 միլիոն 544 հազար 139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

o 2 միլիարդ 410 միլիոն 463 հազար 523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,

o ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 միլիարդ 450 միլիոն 350 հազար 364 ՀՀ դրամ փոխառությունների եւ այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

o օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 միլիարդ 98 միլիոն 300 հազար ՀՀ դրամ ներդրման գումարը:

Վերոնշյալը դատարանի կողմից վարույթ ընդունված 13-րդ նման հայցադիմումն է. նշված է հաղորդագրությունում:

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ

ArmLur.am-ը գրել էր, որ երեկ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 5.00-ին ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, եւ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 4.20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝  պայթյունը տեղի է ունեցել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հոր խանութում: Արդյոք պայթյունը կազմակերպված է եղել, թե դժբախտ պատարաի հետեւանք է, իրավապահները դեռ չեն մանրամասնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անձամբ պատգամավորի հայրը՝ Զարեհ Սարգսյանն է ահազանգել ոստիկանություն:

ArmLur.am-ը խոսեց Զարեհ Սարգսյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տարածքը իրենը չէ, պայթյունը եղել է հարակից տարածքում:

Նշենք, որ shamshyan.com-ը նույնպես գրել էր, որ պայթյունը եղել է պատգամավորի հորը պատկանող խանութում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՃ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-հունիսին (հուլիսինը դեռ չի հրապարակվել) անվանական աշխատավարձի աճի տեմպը շարունակել է բարձր մնալ, սակայն ընդգծված գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը մնացել է ցածր մակարդակում։

ArmLur.am-ը հիշեցնում է, որ ՀՀ տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 11.3%-ով եւ կազմել 218,641.0 դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը, աճելով 4.5%-ով, կազմել է 175,920.0 դրամ, իսկ մասնավոր հատվածում այն աճել է 13.2%-ով եւ կազմել 237,705.0 դրամ։ Սակայն հաշվի առնելով, որ 2022թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը 8.1% է, կարող ենք ընդգծել, որ իրական աշխատավարձն աճել է ընդամենը 3.0%-ով: Ինչ վերաբերում է պետական հատվածին, այդտեղ իրական աշխատավարձը բավական նվազել է, ինչը միանշանակ վկայում է այդ հատվածի աշխատողների միջին կենսամակարդակի անկման մասին։

 




Լրահոս