Մայր տաճարի բացումն այս տարի նախատեսված չէ: Այս մասին ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: Չնայած այն բանին, որ Էջմիածին Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներն նախատեսված էր ավարտել 2022 թվականին:
Ավելին Նախագծի գլխավոր ճարտարապետի խոսքով` մի քանի հարյուր տարի տաճարը վերանորոգման կարիք չի ունենա։
Տեր Եսայի քահանայի խոսքով՝ այս տարի չի լինի նաեւ Սուրբ Մյուռոնի օրհնության արարողակարգը: Նշենք, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցում մյուռոն օգտագործվել է դեռևս առաքելական ժամանակներից: Ավանդությունն ասում է, որ Ս. Թադեոս առաքյալը, գալով Հայաստան, իր հետ բերած յուղով օծում և բշժկում է Աբգար թագավորին: Մեր եկեղեցում մյուռոն օրհնելու շնորհը միմիայն Ամենայն Հայոց կաթողիկոսինն է:
Սուրբ մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու յուղն է, ապա բալասանը, որոնց խառնում են շուրջ քառասուն տեսակի անուշահոտ, հոտավետ, խունկերի, ծաղիկների, բույսերի արմատների միաշաղախ հեղուկը: Ամբողջ զանգվածը լցնում են կաթսայի մեջ, որն այնուհետև դնում են եռացող ջրով լցված մեկ ուրիշ կաթսայի մեջ, ու որտեղ շուրջ երկու օր եփվում է ողջ զանգվածը՝ աղոթքների և սաղմոսների ներքո, այնուհետև թողնում են ևս երկու օր հանգստանալու մինչև օրհնության օրը:
Նշենք, որ 2012 թվականի գարնանը Էջմիածնի Մայր տաճարում սկսվեցին վերանորոգման աշխատանքները։
Լիդա Եղիազարյան