Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն 686 հազար դրամ:
Այն Կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին:
Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել վաճառքի և գնահատման արժեքից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրված փաստերը վկայում են, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից 2021թ.-ի ապրիլի 8-ին կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ շուրջ 229,5 մլն դրամ արժեքով շինությունը գնահատվել է 128.6 մլն դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 100 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ առկա են եղել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ծանր հետևանքներ առաջացնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, պետական շահերի պաշտպանության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, և 445-րդ հոդվածի 1-ին և 445-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է: