Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է։ Վերջիններս պահանջում են հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա փորձեց պատասխանել հավաքված քաղաքացիների հարցերին, սակայն նրանք վրդովվեցին, եւ ասացին, որ իրենք պահանջում են Արայիկ Հարությունյանին:
Արցախցիներին հայտնեցին, որ նախագահը քաղաքում չէ, ինչը դժգոհությամբ ընդունեցին նրանք:
«Ես որպես Ազգային ժողովի նախագահ պատրաստ եմ պատասխանել ձեզ»,- ասաց Թովմասյանը, սակայն քաղաքացիները պնդեցին, որ ցանկանում են տեսնել Հարությունյանին:
Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ, քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հարյուրից:
Հիշեցնենք, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքված քաղաքացիները ցանկանում են հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որպեսզի նրանից պահանջեն իր հստակ դիրքորոշումը Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ: