ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռաբլուրում զոհված զինծառայողների միջադեպի գործով 16 ծնող տուժող է ճանաչվել. ինչ է կատարվում Կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ անկախության տոնի օրը Եռաբլուրում զոհված զինծառայողների՝ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված ծնողների միջադեպով հարուցվել է քրեական վարույթ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում ոստիկանության կարմիր եւ սեւ բերետավորներին, ինչպես նաեւ գրեթե ամեն օր հարցաքննվում են զոհված զինծառայողների ծնողները: Այս պահին քրեական վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել: Ավելին, ArmLur.am-ին քրեական վարույթից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, թե ծնողները ինչ են պատմել իրավապահներին: Մասնավորապես, հարցաքննված ծնողները կոնկրետ մեկ բան են նշել, որ ոստիկանները իրենց որեւէ պահանջ չեն ներկայացրել եւ անհամաչափ ուժ են կիրառել:

Տուժած ծնողները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, բայց փորձաքննության պատասխանը դեռեւս չկա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով, նրանց հեռացրեց տարածքից։

Այս դեպքով նաեւ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարվում է ծառայողական քննություն:

Հավելենք, որ միջադեպից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ եւ զոհված զինծառայողների ծնողներ պահանջեցին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը:

Ք. Մ.




Լրահոս