Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի 5, Ուկրաինայի և Հայաստանի 3 քաղաքացիներ:
Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով: