Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
ԲԴԽ-ն, նույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգով և ժամկետներում, հրավիրել էր նիստ և ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում:
ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում:
Վերոգրյալի հիման վրա՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, Գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով:
Որոշումն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իրազեկման նպատակով, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:
Նշենք, որ Անի Հարությունյանի հայրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է: