Սիսիանում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները վայր են դնում մանդատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիանում «Ապրելու երկիր» խմբակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանը հայտնել է, որ կուսակցությունը որոշում է կայացրել համայնքում վայր դնել ավագանու կազմում ունեցած մանդատները:

Զաքարյանը նշել է, որ իրենք պատրաստվում էին չմասնակցել ավագանու նիստին, ինչի պատճառով կլիներ քվորման բացակայություն, չէր ընտրվի համայնքի ղեկավար, և 14 օր անց կնշանակվեին նոր ՏԻՄ ընտրություններ:

«Ցավոք սրտի, քվորումն ապահովվեց, ինչը և նպաստեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին 9 ձայնով համայնքապետ ընտրվել։ Ընդամենը 9 հոգի՝ 8+1, ինչը նույնիսկ ավագանու մեծամասնություն չէ, որոշեցին պետության համար ռազմավարական համայնքի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։

Սա գնահատում ենք անթույլատրելի և անընդունելի։

Այս իրավիճակում «Ապրելու երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։

Միևնույն ժամանակ, մենք անելու ենք առավելագույնը Սիսիան համայնքում իրապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորելու հարցում՝ շարունակելով մեր նվիրումը համայնքին, համայնքի բնակիչներին՝ անկախ որևէ կարգավիճակից»,- նշել է թեկնածուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ կայացել էր Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ քվեարկության արդյունքներով առաջին փուլով այդպես էլ համայնքապետ չէր ընտրվել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը, «Աշխատանք և արդարություն» դաշինքը՝ Հայկ Առաքելյանի, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»՝ Սևակ Մուսաթյանի թեկնածությունը։

Թեկնածու առաջադրած չէր եղել «Մեկ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները ներկա չէին եղել նիստին։

Այսպիսով՝ Արմեն Հակոբջանյանը ստացել էր 8, Հայկ Առաքելյանը՝ 7, իսկ Սևակ Մուսաթյանը՝ 2 ձայն։

Քանի որ թեկնածուներից ոչ ոք 11 ձայն չէր հավաքել, երկու ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներն անցել էին երկրորդ փուլ:

Երկրորդ փուլում Հայկ Առաքելյանի օգտին կողմ էր քվեարկել 7, իսկ Հակոբջանյանի օգտին՝ 9 հոգի։ Այսպիսով, Սիսիանում համայնքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն:




Լրահոս