Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ մեղավորություն ունի, ապա պատրաստ է պատասխան տալ օրենքի առաջ:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կալաձեն նշել է, որ կլինիկայում գտնվող մյուս դեռահասի վիճակը կայուն է։
Ըստ Կալաձեի, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։
«Ուզում եմ ցավակցությունս հայտնել մահացած աղջնակի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Ես լավ եմ պատկերացնում, թե որքան բարդ է իրավիճակը։ Սարսափելի դեպք է տեղի ունեցել․․․»,- ասել է Կալաձեն։
Նշենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: «Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական շնչառության սարքին:
Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցույց և մոմավառություն կազմակերպել:
Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները:
Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը պակաս ծանր կամ ծանր վնասի։