Բուլղարիան կարևորում է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատումը։ Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ պետական այցով Սոֆիա ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների համար հայտարարության ժամանակ։
«Մեզ համար կարևոր է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Առանց կայունության չի կարող լինել բարգավաճում։
Մենք նաև սատարում ենք Հայաստանի և ԵՄ հարաբերություններին»,- ասաց նախագահ Ռադևը։
Նա միջազգային հարաբերությունների ներկայիս դժվարին պայմաններում իսկական արժեք անվանեց հայ-բուլղարական բարեկամությունը՝ ընդգծելով․ «Մենք, առաջնորդվելով մեր ժողովուրդների ցանկությամբ, պարտավոր ենք խորացնել ժամանակի փորձությունը անցած բարեկամության և համագործակցության վրա խարսխված կապերը»։
Բուլղարիայի նախագահը խոսեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք կարող ենք և պետք է շատ ավելին անենք` երկկողմ հարաբերությունների հսկայական ներուժը զարգացնելու համար: Սա նշանակում է էլ ավելի ուժեղ փոխգործակցություն առևտրի, տնտեսության, ներդրումների, տրանսպորտի, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում»,- ասաց նա:
Ռադևը կարևորեց նաև համատեղ տնտեսական և առևտրի պալատի ստեղծման մասին հուշագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների բիզնեսի զարգացմանն ու մերձեցմանը։
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրեցին նաև երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն` կարևորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում նման խորհրդանշական այցը, որը պետք է լրացուցիչ խթան հաղորդի երկկողմ կապերին։