Armlur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմում ծառայողական քննությունն է սկսվել։ Այս անգամ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանն է, որին մեր տեղեկություններով պաշտոնում նշանակել էր ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հրապարակված պաշտոնական փաստաթղթից տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ։
Կարգադրության համաձայն՝ քննության նպատակն է պարզել Առաքելյանի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։ Քննությունն իրականացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որը պետք է աշխատանքն ավարտի 20-օրյա ժամկետում։
Հատկանշական է, որ Ռազմիկ Առաքելյանը վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի ապրիլի 9-ին՝ ԱԺ այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Ընդ որում՝ նշանակումը կատարվել է արտամրցութային կարգով։ Այսինքն՝ Առաքելյանը պաշտոնը ստացել է ոչ թե մրցույթի արդյունքում, այլ ԱԺ նախագահի ստորագրած որոշմամբ։
Ավելին՝ ընդամենը մի քանի ամիս անց՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԺ նախագահի միջնորդության հիման վրա, Ռազմիկ Գագիկի Առաքելյանին շնորհվել է պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի օրոք արտամրցութային կարգով պաշտոնի նշանակված և հետագայում պետական ծառայության բարձր դասային աստիճան ստացած պաշտոնյան այժմ հայտնվել է Ռուբեն Ռուբինյանի նշանակած ծառայողական քննության կենտրոնում։
Հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչությունում, որ նոր ԱԺ նախագահը որոշել է քննություն սկսել վարչության ղեկավարի գործունեության վերաբերյալ։ Արդյոք խոսքը աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման, վարչական խնդիրների՞, թե՞ այլ հանգամանքների մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձելու է պարզել նաև, թե ինչ աշխատանքային անցյալ ունի Ռազմիկ Առաքելյանը, ինչ հիմքով է նշանակվել արտամրցութային կարգով, ինչ գործընթացներ են իրականացվել նրա ղեկավարած վարչությունում և ինչ հանգամանքներ են հիմք դարձել ծառայողական քննություն սկսելու համար։
Հատկանշական է, որ ԱԺ վարչատնտեսական վարչությունը պատասխանատու է խորհրդարանի բնականոն գործունեության համար անհրաժեշտ տնտեսական և նյութատեխնիկական ապահովման աշխատանքների կազմակերպման համար։
Սոնա Գրիգորյան




























