Թբիլիսիում հայերեն արձանագրություններով տապանաքարեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար:

Այս մասին ասվում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Նախարար Թեա Ծուլուկիանի շնորհիվ անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը, և անմիջապես հրավիրել են խորհրդակցելու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբությանին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանին: Տարածք են հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։

Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական մշակութային ժառանգության մասնագետ Լևոն Չիդիլյանը, քաջ ծանոթ լինելով վանքի պատմությանը և պանթեոնում թաղված աճյունների դասավորվածությանը, առաջին օրվանից մասնակցել և հետևել է պեղումների ամբողջ գործընթացին՝ տրամադրելով արխիվային նյութեր հնեաբաններին: Հնագետներն աշխատել են նաև նախարարության ներքին բակի այլ հատվածներում և հայտնաբերել հինգ դամբարան։ Նրանցից երկուսը հայտնաբերվել է մարմարե տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունների տեսքով»,-ասվում է տեքստում:

Տապանաքարերը պատկանում են Թիֆլիսի վանքի մայր տաճարի ավագ քահանա Տեր Հովհաննես Տեր Պողոսյանին ու նրա կնոջը` Քալի Բեկտաբեկովային։ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Վիրահայոց թեմի միջնորդությամբ, Վրաստանի կառավարությունը աջակցել է, որպեսզի շիրիմները և տապանաքարերը տեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Լևոն Չիդիլյանի առաջարկը պեղումները շարունակելու ընդունվել է: Նախարար Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ 2023 թվականի հունվարից տվյալ հատվածի ողջ տարածքում կիրականացվեն պեղումներ: Ապագա պեղումների վայրում թաղված են եղել Ալեքսանդր և Դարիյա Մանթաշյանները, Հովհաննես, Մարիամ, Կոնստանտին Խատիսյանները, Թիֆլիսի քաղաքագլուխներ Ալեքսանդր Մատինյանցը և Պողոս Իզմաիլովը և ուրիշներ: Գործընթացը շարունակվելու է:




Լրահոս