ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀԱՇՎԻ Է ԱՌՆՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության կարգ»-ում. այդ մասին ArmLur.am-ը տեղեկացավ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանից:

 

Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանն ազատվում է մանկապարտեզից: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում սաների բացակայությունների հաշվարկում չի ներառվելու այդ ժամանակահատվածը:

Այսինքն` նոր փոփոխությամբ 75 աշխատանքային օրվան կգումարվեն նաեւ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիմքով բացակայության օրերը, որոնց համար, սակայն, եւս կսահմանվի առավելագույն ժամկետ: Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունների տեղերը բավարար չեն բոլոր երեխաներին ընդունելու համար: Շատ երեխաներ այս պահին հերթագրված են եւ սպասում են նախադպրոցական հաստատություն հաճախելու իրենց հերթին. միայն Երեւանում հերթագրված է շուրջ 10 հազար երեխա:

«Ստեղծվում է իրավիճակ, երբ նախադպրոցական ծառայության մեջ ընդգրկված երեխաները փաստացի չեն հաճախում մանկապարտեզ այն դեպքում, երբ կան երեխաներ, որոնք հերթում սպասում են եւ չեն կարողանում ընդգրկվել: Տվյալ պարագայում հիվանդության հիմքով կամ որեւէ այլ պատճառով չհաճախելու դեպքում տրված էր համընդհանուր կարգավորում: Այժմ այլ մոտեցում ենք ցուցաբերելու` հաշվի առնելով բացակայության պատճառը»,- պարզաբանել է վարչության պետը: Արսեն Բաղդասարյանը մանրամասնել է նաեւ, որ ՀՀ կառավարության ծրագրով նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը մինչեւ 2026 թվականը պետք է կազմի 85 տոկոս: Այդ նպատակով մինչեւ 2026 թվականը նախատեսվում է վերակառուցել կամ կառուցել 500 նախադպրոցական հաստատություն: Այս պահին 92 մանկապարտեզներում նորոգման եւ շինարարության աշխատանքներ են ընթանում, որոնցից մի մասի աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ  մանկապարտեզի ծնողներն ահազագնել էինք՝  Երեւանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման, հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել եւ ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԲԵՌՆԱԹԱՓՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՆ

Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան:

 

«Աշխատանքները սկսել են ապրիլ-մայիսից: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծմ, երթեւեկելի մասի լայնությունը 9մ է: Նախատեսված է նաեւ կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ եւ 1մ լայնությամբ հետիոտնային մայթ»,- ասում է «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանը:

Ամիսներ առաջ նոր ճանապարհի տեղում հիմնականում ավտոտնակներ էին, նաեւ բնակելի տներ: Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ, տեղում իրացման աշխատանքներ արվեցին:

Երկու փողոցներն իրար կմիանան նոր կամրջով: Շինարարության ամենակարեւոր ու պատասխանատու հատվածը կամրջի կառուցումն է:

«Միաձույլ երկաթբետոնե կառուցվածք է ունենալու կամուրջը: Այն կլինի 11 մ լայնությամբ, որի 9մ երթեւեկելին է: Կառուցվող կամուրջը կարող է ծառայել 100 տարի»,- նշում է «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի շինարարության կազմակերպման եւ վերահսկման բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը:

Ճանապարհի արտաքին լուսավորության ցանցն անցկացվել է ստորգետնյա, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի:

Հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները՝ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով հենապատեր են կառուցվում, կամուրջի հատվածից մինչեւ խաչմերուկ էլ կանցկացվի հեղեղատար համակարգ:

«Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ Երեւան համայնքի բյուջեի միջոցներով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին»,-նշում է Շողիկ Երանյանը:

Նոր ճանապարհների կառուցումն ու տրանսպորտային հոսքերից քաղաքի կենտրոնական հատվածների բեռնաթափումը, խցանումների նվազեցումն ու բնակիչների հարմարավետ տեղաշարժը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Համայնքն այսօր քննարկում է ճանապարհային մի շարք նոր նախագծեր:

 

 

 

 

ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔ

Սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն այցելել են Անի համայնքի Շիրակավան բնակավայր՝ հետեւելու ընթացքի մեջ գտնվող Անի համայնքի Շիրակավան բնակավայրում տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցման սուբվենցիոն ծրագրի ընթացքին։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի ընդհանուր արժեքը 128 մլն 348 հազար դրամ է, գումարի 70 տոկոսը կառավարությունն է տալիս։ Աշխատանքների արդյունքում նախատեսվում է ոռոգել մոտ 60 հա, ոռոգման ցանցի երկարությունը 4,57 կմ է, ծրագրից օգտվելու է շուրջ 215 տնտեսություն։

 

 

 

 

ՏԱՐԲԵՐ ՆԱԽԱԳԾԵՐ

Մայրաքաղաքի հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է իրականացնում: Քաղաքապետարանից հայտնում են, որ Երեւանի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում եւս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում: Շուրջ մեկ ամիս է՝ «Կարմիր բլուր»-ում մեկնարկել են հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի պեղումները: Բացի այդ, մեկ այլ ծրագիր է իրականացվում ֆրանսիացի գործընկերների հետ, որը թույլ կտա ճիշտ նույն տեխնոլոգիայով վերականգնել Երեւանի հնավայրերը, մեկնարկը կտրվի «Կարմիր բլուրից»: «Այսօր «Կարմիր բլուրը» նոր շունչ է առնում, վերակենդանանում է, մարդիկ գալիս են ընտանիքներով, այցելուների հոսքն է շատացել: Եթե լավ մարկետինգ անենք, ինքը աշխարհի եզակի հուշարձաններից մեկն է»,- ասել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

 

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր եւ պիտանի չէ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Քաղաքապետարանից հայտնում են, որ վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար, սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ ծառայությունների վարչության աշխատակիցների հետեւողական աշխատանքների շնորհիվ երեք տնտեսվարողների մոտ խախտումներ են արձանագրվել սննդի անվտանգության ոլորտում։ Հայտնաբերվել են բազմաթիվ ժամկետանց, պիտանիությունը կորցրած եւ բորբոսապատ մթերքներ։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որի շրջանակներում իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։

 

 

 




Լրահոս