«Մենք հունիսի 8-ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց»․ այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը։
Մայիսի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի հերթական օրը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պետությունը չի կարող միջամտել մարդկանց խղճի և դավանանքի ազատությանը, ինչպես նաև եկեղեցու ներքին գործերին։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոտնահարել է այդ հիմնարար ազատությունները և թույլ տվել միջամտություն Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը շեշտել է, որ պետությունը պարտավոր է վերադառնալ սահմանադրականության, փոխադարձ հարգանքի և ինստիտուցիոնալ հավասարակշռության սկզբունքներին։
Քարոզարշավի ընթացքում ելույթ է ունեցել նաև Կարպիս Փաշոյանը՝ նշելով․
«Ո՞րն է տարբերությունը նիկոլական տեռորի և բոլշևիկյան տեռորի միջև․ բոլշևիկները պայթեցնում և սպանում էին, իսկ սրանք ավելի հեռու են գնացել, որովհետև սրանք արժեզրկում և հեղինակազրկում են։ Քանի որ արյունով և երկաթով հնարավոր չէ ինչ-որ բան արմատախիլ անել, իսկ հեղինակազրկելով և մարգինալացնելով՝ հնարավոր է»։






























