Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոյեմբերի ամսվա դասակարգման նոր աղյուսակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից միայն երկուսն են 100 լավագույնի մեջ: Գաբրիել Սարգսյանը 41-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 58-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 17-րդն է:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը գրավել է 39-րդ տեղը, Աննա Սարգսյանը` 68-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ հորիզոնականը: