Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը։ ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել դռնփակ հանդիպումից։
Նախ նշենք, որ Փաշինյանը որևէ գաղտնի բան չի ասել իր թիմի պատգամավորներին։ Հիմնական ասելիքը վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Պուտինի հետ զրույցում առաջ է քաշել ՀՀ տարածքային ամբողջականության հարցը և ադրբեջանցիների՝ օր առաջ ՀՀ տարածքից դուրս գալու անհրաժեշտությունը։
Փաշինյանը հայտնել է նաև, որ պետք է հասնել այն հանգրվանին, որպեսզի Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հետ նստի բանակցությունների սեղանին, այսինքն Արցախն Ադրբեջանի հետ որոշի իր ճակատագիրը: Ասել է թե՝ Հայաստանը պետք է դուրս գա Արցախ-Ադրբեջան բանակցություններից։
Փաշինյանի խոսքով՝ Սոչիի հայտնի հայտարարությունից դժգոհ են մնացել թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաեւ Թեհրանում ունեցած իր հանդիպումները եւ պատասխանել պատգամավորների հարցերին:
Մեզ հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի մասին խոսք չի եղել, քանի որ մոտ ապագայում դա տեսանելի վերջ չունի։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ անդրադարձ է եղել նաեւ ՔՊ վարչության կազմի ընտրություններին եւ դեռ պարզաբանման ենթակա հարցեր են առկա եղել, որոնց մասին խոսել է վարչապետը։ Նրան անհանգստացրել է վարչության կազմի փոփոխության այն խայտառակությանը, որ բացահայտվել է վերահաշվարկի արդյունքում։