Երբ նիստ կանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ում մանդատ կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ Ազգային ժողովի նախագահի ստորագրությամբ չորս արձանագրություն է ստացել, որ վերաբերում է պատգամավորներից մանդատը վերցնելուն: Նրանք բոլորն էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր են՝ Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիարոկոսյանը: Վերջին երեքը, նշենք, ԱԺ-ում ու «Հայաստան» դաշինքում գործունեությունը դադարեցրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ են:
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ՝ նոտարական հաստատումով «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի 4 անձի ինքնաբացարկի դիմում են ստացել: «Ռոբերտ Հայրապետյանը, Ռուբեն Մելքոնյանն ու Ռիմա Ղազարյանն ինքնաբացարկի դիմումով՝ հրաժարվել են մանդատ վերցնել»,- նշեց Ղուկասյանը: Նշենք, որ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու մասին Facebook-ի իրենց էջերում նաև Սայաթ Շիրինյանն ու Մարիա Պետրոսյանն են տեղեկացրել:

Ղուկասյանը նշեց նաև, որ Արամ Վարդևանյանի արձանագրության ժամկետը դեկտեմբերի 9-ին է լրանում, ու մինչ այդ կամ այդ օրը ԿԸՀ-ն նիստ կանի ու Վարդևանյանին փոխարինող պատգամավորին մանդատ տալու արձանագրություն կկազմի: Կարող ենք ենթադրել, որ նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնականն է՝ Մհեր Սահակյանը:

Ըստ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի՝ պատգամավորական մանդատ կարող են ստանալ Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը և Դավիթ Սահակյանցը:

Սևակ Վարդումյան




Լրահոս