Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում նաեւ 2022 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկումն է:
Ըստ այդմ, հաշվետվությունից տեղեկանում ենք, որ2 022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտաքին առևտուրը նշանակալի աճ է գրանցել: Ապրանքների արտահանումն աճել է 63.8%-ով՝ պայմանավորված արտաքին որոշ շուկաներում (հատկապես՝ ՌԴ-ում) ՀՀ ապրանքների նկատմամբ պահանջարկի աճով, ՌԴ-ում ՀՀ ապրանքների գնային մրցունակության ավելացմամբ, ինչպես նաև արտահանման ներուժի աճով, իսկ ներմուծումն աճել է 61.6%-ով՝ պայմանավորված բարձր տնտեսական ակտիվության, պահանջարկի բարձր աճի և արտահանման հնարավորությունների մեծացման պայմաններում ներմուծվող ապրանքների բարձր պահանջարկով։
2022 թվականի առաջին 9 ամիսներին համաշխարհային ապրանքահումքային շուկաներում գների աճով, ինչպես նաև ՀՀ տնտեսությունում համախառն պահանջարկի ավելացմամբ պայմանավորված՝ 12-ամսյա գնաճն արագացել է՝ 2022 թվականի սեպտեմբերին կազմելով 9.9%: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,031.5 մլրդ դրամ (9,931.6 մլն ԱՄՆ դոլար):
ՀՀ պետական պարտքում 2,495.2 մլրդ դրամը (6,147.0 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,536.3 մլրդ դրամը (3,784.6 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3,89մլրդ դրամ (9,397.9 մլն ԱՄՆ դոլար), որից արտաքին պարտքը՝ 2,278.6 մլրդ դրամ (5,613.3 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներքին պարտքը՝ 1,536.3 մլրդ դրամ (3,784.6 մլն ԱՄՆ դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7.4%-ով կամ 100.3 մլրդ դրամով:
Ն.Հ.