Ո՞վ է իրական շահառուն. հունվարի 1-ից հայտարարագիր ներկայացնելը պարտադիր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր իրավաբանական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Այս մասին հայտարարում է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Ովքե՞ր պետք է ներկայացնեն իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը։

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր այսուհետ պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կազմակերպությունները։ Ընդ որում, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է 3 փուլով․

1-ին փուլ՝ 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները։

2-րդ փուլ՝ 2022թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի տարածքում գրանցված բոլոր առևտրային կազմակերպությունները, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։

3-րդ փուլ՝ 2023թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն ու ոչ առևտրային կազմակերպությունները։

Ո՞վ է իրական շահառուն։

Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է կազմակերպությունը կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։

Ի՞նչ ժամետներում և ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրերը։
Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։

Հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելու կամ կեղծ տեղեկություն ներակայացնելու համար օրենքով սահմանված է պատասխանատվություն։

Ն.Հ.




Լրահոս