Պեսկովն անդրադարձել է զորահավաքի շարունակման մասին լուրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել մեծ նշանակություն չտալ զորահավաքի շարունակման մասին հաղորդագրություններին, որոնք ամանորյա օրերին տարածվել են Telegram-ալիքներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Интерфакс» գործակալությանը:

«Առհասարակ պետք չէ նման կարևորություն տալ Telegram-ալիքներին: Սկզբնաղբյուրը պաշտոնական կառավարությունն է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի գլխավորությամբ: Չի կարելի գերագնահատել Telegram-ալիքները», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով զորահավաքի մասին հաղորդումները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի զորահավաք էր հայտարարվել։ Հոկտեմբերի վերջին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահին տեղեկացրել էր, որ զորահավաքի հետ կապված աշխատանքներն ավարտված են։

Նոյեմբերի 1-ին Պեսկովը հաստատել էր, որ մասնակի զորահավաքն ավարտվել է, և համաձայն նախագահի աշխատակազմի պետական ​​իրավական վարչության եզրակացության՝ դրա ավարտի մասին առանձին հրամանագիր չի պահանջվում։ Պեսկովի խոսքով՝ ՊՆ-ն հեռագրեր է ուղարկել զինկոմիսարիատներ՝ ծանուցագրեր ուղարկելը դադարեցնելու հրամանով։

Այն հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում զորահավաքի մեկնարկի մասին սեպտեմբերյան հրամանագիրը, և արդյոք դրա հիման վրա կարող է զորակոչի նոր փուլ սկսվել, Պեսկովը պատասխանել է.

«Ոչ, խոսքը գնում էր հստակ թվաքանակի՝ 300 հազար մարդու մասին, այդ հրամանը համապատասխանաբար կատարվել է»։

Նոյեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ զորակոչվել է 318 հազար մարդ, այդ թվում՝ կամավորներ։ Դեկտեմբերին նա հայտնել էր, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա:




Լրահոս