Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմական ստորաբաժանման տեղակայումն անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու առաջարկը։
«Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա զորախմբի տեղակայումն անթույլատրելի և անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև քննադատել է Բորիս Ջոնսոնի դիրքորոշումը՝ նշելով, որ Ռուսաստանին քաջ հայտնի են նրա, իր բնորոշմամբ, ապակառուցողական մոտեցումները։
«Սա այն մարդն է, որը 2022 թվականին խոչընդոտեց պատերազմի ավարտին։ Եվ նա շարունակում է պահպանել, մեղմ ասած, խաղաղությունից հեռու դիրքորոշում»,- հավելել է Պեսկովը։
Նշենք, որ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման օգտին։
Անի Վարդանյան




























