ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը Աբու Դաբիում կմասնակցի սպառազինության ցուցահանդեսի. ովքեր են պատվիրակության կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-25-ը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում նախարարից բացի ընդգրկված են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը, նախարարի խորհրդականն ու շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետը: Ընդ որում, ամենաերկար ժամանակով Արաբական Միացյալ Էմիրություններում մնալու է հենց բաժնի գլխավոր մասնագետը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայկական պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցելու է «IDEX 2023» միջոցառմանը:

Միևնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի, Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկը և ճանապարհածախսը և Սարգիս Խաչատրյանի, Տաթևիկ Սողոմոնյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Միևնույն  ժամանակ Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի և Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Ծառայողական գործուղման մեկնած անձանց գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է 2005 թվականի որոշմամբ: Ըստ այդմ, Աբու Դաբի մեկնելու համար օրապահիկը սահմանված է 172 դոլարի չափով, իսկ մեկ օրվա գիշերակացն էլ՝ 281 դոլար:

Հավելենք,  որ IDEX-ի ընթացքում ցուցադրվում են պաշտպանական ոլորտի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և օդային վերջին տեխնոլոգիաները։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսային կենտրոնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս