Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ խոսակցություններին, թե ինչու ՀՀ կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ:
«Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան: Մենք ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ խնդիր ենք ձեւակերպել, քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ, որն ընդունվել է 2010 թվականին, ու որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց, միեւնույն ժամանակ, կա հստակ ըմբռնում ու հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին», – Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե ՀԱՊԿ-ից խնդրել են մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում:
«Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանը. մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել», – նշեց վարչապետը:
Նա ասաց, թե ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը:
Վարչապետն ընդգծեց՝ եթե որեւէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, ոնց է դիտարկելու՝ օկուպացված է ՀՀ տարածքը, թե ոչ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, ու Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը:
«Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արեւմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում. սա կարեւոր նյուանսներից մեկն է», – ընդգծեց վարչապետը:
Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու եւ ավտոճանապարհների բացումը, էականորեն կմեծացնի մեր առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի եւ ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ»,- խորհրդարանում հայտարարեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը այս առումով է նաեւ շահագրգռված տարածաշրջանային ենթակառուցվածքները բացելու հարցում։
Փաշինյանը նաեւ պատրաստակամություն հայտնեց. «Այն, ինչը գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել»։
«Ամենաշատը Հայաստանն է ուզում, որ այդ ճանապարհները բացվեն. դիմադրում են մյուսները։ Ուրիշ որեւէ մեկը ավելի շատ այդ ճանապարհների կարիքը չունի՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, որովհետեւ իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն»,- խոսքը եզրափակեց Փաշինյանը։
Ն.Հ.
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել է մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ:
«Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,- գրել է Սիմոնյանը:
ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը մենք խոսեցինք նրա անձնական մասնակցության եւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ փոխգործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նրանց մերձեցման հարցում որպես միջնորդ հանդես գալու նրա ցանկության մասին. մենք դրան աջակցում ենք։
Շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները միասին աշխատեն եւ նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, շատ կարեւոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, եւ ես հույս ունեմ, որ ապագայում Եվրամիության եւ Վրաստանի, ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երեք պետությունների միջեւ համագործակցությունն այդ ուղղությամբ է՛լ ավելի սերտ կլինի»,- ասել է Կլաարը։
ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
Թուրքական լրատվամիջոցները չեն անդրադարձել Հայաստանի օգնությանը։
Թուրքական լրատվամիջոցներում պարզապես տեղ է գտել հայտարարություն, որտեղ նշվել են բազմաթիվ երկրների ղեկավարների հեռախոսազրույցները նախագահ Էրդողանի հետ, որի շարքում հիշատակվել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։
Հիշեցնենք՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ստորագրել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Խորվաթիայի արտաքին գործերի եւ եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջեւ փոխըմբռնման հուշագիր դիվանագիտական կրթության եւ վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ:
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ
2020թ. հուլիսի 12-13-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ եւ դրանից հետո ադրբեջանական զինուժը հրետակոծեց Բերդ համայնքի սահմանամերձ բնակավայրերը։ Ավելի քան երկուսուկես տարի անց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ռմբակոծության հետեւանքները պետության կողմից վերացված չեն։ Վարչական ղեկավարի խոսքով՝ գյուղի 4 տներում վերականգնողական աշխատանքներ ընդհանրապես չեն արել։ Ազատամարտիկ հաշմանդամ Գառնիկ Լալայանը իր հրետակոծված տան խնդրով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ պաշտոնյաների, սակայն նրա տունը չեն նորոգել, վնասված 5 պատուհաններն են նորերով փոխել։ Բերդի սահմանագոտում ռմբակոծությունից վնասված տների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է արել Տավուշի մարզպետին։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է.
«2020 թվականի հուլիս ամսին Բերդ համայնքի Այգեպար, Չինարի եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում հրետակոծության արդյունքում վնասված տների վերանորոգման աշխատանքների համար ՀՀ կառավարության՝ 23.07.2020թ. թիվ 1237-Ն, 06.08.2020թ. թիվ 1308-Ն, 17.12.2020թ. թիվ 2114-Ն եւ 04.03.2021թ. թիվ 308-Ն որոշումներով հատկացվել է 464.6 մլն ՀՀ դրամ։ Սահմանված կարգով կապալառու կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր, եւ նշված գումարն ամբողջությամբ ուղղվել է վնասված տների վերանորոգմանը։ Աշխատանքներն ավարտվել են 2021 թվականի դեկտեմբերին»։
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է անձնական կամ կրոնական ծիսակատարությունների համար օգտագործել միայն սպանդանոցային ծագման մթերք: Մեզ հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմն առաջարկում է ոչնչացնել ոչ սպանդանոցային ծագման մթերքը: Բանն այն է, որ մեր հանրապետությունում սեփական կարիքների կամ ծիսակատարությունների համար թույլատրվում է իրականացնել ոչ սպանդանոցային մորթ, բայց շատերն այդ միսը շուկայում են վաճառում։ Այսինքն՝ իրավական հիմք է ստեղծվելու ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն հետագա շուկայահանումը բացառելու համար: Նշենք, որ մեր հանրապետությունում արգելվում է ոչ սպանդանոցային մորթը: Չնայած սրան՝ շուկայում շարունակվում է վաճառվել ոչ սպանդանոցային մորթի կենդանական ծագման միս: Իրավիճակը չի փոխվել անգամ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից սկսված ստուգումներից հետո: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել շուկայում, որպեսզի պարզի՝ արդյոք ունեն մսի վաճառքի 5-րդ ձեւը՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը: Ավելին՝ պարզվում է՝ այդ փաստաթղթի առկայությունը եւս կասկածներ է առաջացնում շատ քաղաքացիների մոտ, քանի որ որոշ սպանդանոցների սեփականատերեր պնդում են, որ այլ սպանդանոցներ 5-րդ ձեւի անասնաբուժական վկայականն ուղղակի վաճառում են: