Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջան Հո-Ջինը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: «Մենք շատ ենք կարևորում Կորեայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և այդ ժամանակից ի վեր դինամիկ զարգացում են ապրել: Պետական մակարդակում մենք իսկապես ակտիվ համագործակցում ենք, այդ թվում նաև միջազգային տարբեր հարթակներում:
Մենք բավականին դժվար իրավիճակում ենք գտնվում՝ կապված մեր հարևանների հետ, և այս տարիների ընթացքում դուք միշտ հավասարակշռված դիրքորոշում եք ունեցել, որը շատ կարևոր է մեզ համար: Համոզված եմ, որ ձեր այս քաղաքականությունը կշարունակվի հետագայում ևս:
Համոզված եմ նաև, որ մեր հարաբերությունները կարող են նոր մակարդակի հասնել, և մենք կկարողանանք օգտագործել այն միջոցներն ու հնարավորությունները, որոնք ունենք և խոսքը ոչ միայն քաղաքական մեր հարաբերությունների զարգացման մասին է, այլև տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտների»,- իր խոսքում ասել է նախագահ Խաչատուրյանը:
Դեսպան Ջան Հո-Ջինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է աշխատել որպես դեսպան Հայաստանի Հանրապետությունում, որն ունի հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ:
Ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ մեր երկու երկրները շատ լավ բարեկամներ են և համագործակցություն են ծավալել տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ առևտրի ոլորտում, միջազգային հարթակում համագործակցությունը ևս, նաև երկու ժողովուրդների միջև շփումներն են ակտիվանում»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, կրթության և գիտության ոլորտներում առկա համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ատոմային էներգիայի շահագործման կորեական փորձի կիրառման և նոր ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են ինչպես միջխորհրդարանական դիվանագիտության, այնպես էլ քաղաքական երկխոսության խթանումը և բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները և վերսկսել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալուն միտված քննարկումները: