Որ դեպքում Սահմանադրական դատարանը կարող է դիմել ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում: Մասնավորապես, կանոնակարգվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը ստանալու դրույթը:

Ըստ այդմ, առաջարկվում է ամրագրել, որ

1. Սահմանադրական դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:

Ընդ որում, խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ օգտվում է ՄԻԵԴ դիմելու այդ հնարավորությունից, այնուամենայնիվ ներկայումս բացակայում են այդ մեխանիզմի կիրառման ներպետական հստակ ընթացակարգային կարգավորումները, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման տեսանկյունից:

Ըստ այդմ, նախագծերով առաջարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարել համապատասխան լրացումներ՝ նախատեսելով ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ, այդ թվում՝

-դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության,

-խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումներ:

Ն.Հ.




Լրահոս