Փետրվարի 24-ին Երեւանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին ներկա են եղել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ: Այս մասին իր կարծիքն է հայտնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Օրակարգը պետք է ընդլայնել, եռանկյունը դարձնել հնգանկյուն, վեցանկյուն, որպեսզի հնարավորություն լինի առեւտուր անելու եւ որեւէ փաստաթուղթ ստորագրելու:
Այսօր այլընտրանք կա. երբ խնդիր է դրված, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մարդկանց ասում ես՝ այլընտրանք կա, միանգամից հայելային են մտածում, որ դրա այլընտրանքն այն է, որ Արցախը լինի անկախ կամ Հայաստանի մաս: Ոչ, ես այդպիսի խնդիր չեմ դնում, իմ այլընտրանքը հետեւյալն է. փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է: Մենք այսօր շատ համեստ խնդիր պետք է դնենք: ՀՀ իշխանություններն այսօր այդ հնարավորությունն ունեն:
Առաջինը այն կլինի, որ նրանք կարողանան այդ օրակարգն ընդլայնել, այնտեղ ներառել Շուշիի, Հադրութի խնդիրը, առանց ագրեսիվ լինելու: Մենք խնդիր չենք դնում դրանք հետ վերցնելու խնդիրը, կարելի է դա ձեւակերպել հետեւյալ կերպ. ի՞նչ է լինելու Շուշիի ու Հադրութի ճակատագիրը: Դա պետք է մտնի այդ օրակարգի մեջ, մեր գերիների վերադարձի խնդիրը, ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը, Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից: Այդպիսի օրակարգով կարելի է ստեղծել մի փաթեթ, որի շուրջ հավերժ կարելի է բանակցել, եւ միջազգային հանրությունը շատ նոերմալ կընդունի, որովհետեւ այն խնդիրները, որոնք այնտեղ դրվում են, դրանք ծայրահեղական, անիրատեսական պահանջներ չեն, դրանք մեր նվազագույն իրավունքներն են»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը:
Նա ընդգծեց, որ այս իշխանությունները շատ ավելի լայն հնարավորություններ ունեն այլընտրանքային տարբերակների, քան կունենար որեւէ այլ իշխանություն
Իսկ իր ելույթում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ Արցախն ունի անկախության կարգավիճակ. «Այսինքն՝ բոլոր հանգամանքները կարող են քննարկվել. խնդիրն այն է, թե ինչ ֆորմատով եւ ինչի համար»:
Անդրադառնալով Լաչինի միջանքը բացելու մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը՝ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե դրան չի հետեւում այդ գործիքակազմի հետագա օգտագործումը, ապա այդ գործիքն ընդամենը դառնում է որոշում եւ վերահաստատում է Ադրբեջանի մոտեցումները. «Ավելին՝ արդյունքում դա դառնում է պարտություն մեզ համար, որովհետեւ դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում փորձելու են օգտագործել՝ ապացուցելու համար, որ Հայաստանն ունի դիրքորոշում, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Կան մարդիկ, որոնք ասում են՝ Արցախը հանձնենք Հայաստանը պահելու համար: Հեռվից որ նայում ես այդ ձեւակերպմանը, տրամանաբանական է, բայց Ադրբեջանն ասե՞լ է՝ Արցախը տվե՛ք, Հայաստանը՝ ձեզ. նա ասել է՝ Արցախը տվե՛ք, Հայաստանը տվե՛ք, Սյունիքը տվե՛ք, Սեւանը տվե՛ք, Երեւանը տվե՛ք: Բացում ենք Թուրքիայի փաստաթղթերի ազգային ուխտը, մնացածն էլ Թուրքիան է ուզում: Իրականում Ադրբեջանը ոչ թե մեզնից չի ուզում, այլ ուղղակի ասում է՝ դա ձերը չի, թուրքերինն է»:
Նա շեշտեց, որ միջազգային իրավունքում ուժի օգտագործումն արգելված է: ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ բոլոր պետությունները պետք է ձեռնպահ կմնան ուժի օգտագործումից այլ պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հակասող այլ եղանակով:
ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԸ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նա նաեւ նշել է. «Չնայած այս հորդորներին՝ այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետեւողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ եւ այլ արգելված պարագաներ: Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար եւս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ, արգելված իրեր չփոխանցել զինվորներին:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը եւ կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության»:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Տեսչական մարմնի Երեւանի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երեւան քաղաքի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունում տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։
Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններով ու խախտումներով, որոնք անմիջական եւ ուղղակի սպառնալիք կարող են ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։
Հիմք ընդունելով վերոնշյալ խախտումների վտանգավորության աստիճանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ամբողջությամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը։ Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրով սահմանվել է հայտնաբերված թերություններն ու խախտումները վերացնելու ժամանակացույց։
ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է ՀԵՐՔՄԱՆԸ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ էր հրապարակել Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների վերաբերյալ՝ վերնագրելով այն «սկանդալային փաստաթուղթ»։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին հայտարարել է, թե հրապարակված փաստաթուղթն իրականությանը չի համապատասխանում, Հայաստանն այդ կետերի շուրջ չի բանակցում: Արմեն Աշոտյանը, ArmLur.am-ի հետ զրույցում արձագանքելով ԱԽ քարտուղարի հերքմանը, հակադարձում է՝ իր հրապարակած փաստաթուղթն իրական է. «ԱԽ քարտուղար կոչվածը հայտնի է իր քրոնիկ սուտասանությամբ: Կյանքը, ցավոք, ցույց է տվել, որ այն, ինչ հերքել են Նիկոլ Փաշինյանը եւ իր ծառայամիտ շրջապատը, իրականությանը համապատասխանում է: Մեզանից խնամքով երկար ժամանակ թաքցրել են թե՛ բանակցային, թե՛ ռազմական, թե՛ այլ կարեւորագույն դետալներ, որոնք հայ ժողովրդի մեջքի հետեւում դավերի տեսքով հյուսվել են՝ մեր ազգային շահերի հաշվին: Արմեն Գրիգորյանի հերքումը գրոշի արժեք չունի, ես պնդել եմ, որ այդ սկզբունքներն իրական են, այդ առաջարկն իրական է եղել: Մնացած ամեն ինչը վատ խաղի ժամանակ լավ դեմք ընդունելու, այսպես ասած, «պոկեր ֆեյս» ընդունելու դատարկ ջանքեր են»,- ասաց նա:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ