2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՀՔԾ, ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը հրապարակավ հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի սպանությունը բացահայտված է, եւ շուտով բոլորը կիմանան այդ մասին: «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակը, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե՝ «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվեն։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է»։ Անցել է մոտ 5 տարի, սակայն 2008 թվականի մարտի 1-ի օրը Երեւանի կենտրոնում սպանված 10 քաղաքացիների սպանությունները այդպես էլ չեն բացահայտվել: Նիկոլ Փաշինյանը մոտ 5 տարի է՝ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, նշանակման օրվանից հայտարարում էր, որ «Մարտի 1»-ը բացահայտվելու է, սակայն 5 տարի անց 10 մարդկանց սպանությունները չեն բացահայտվել: Չկա որեւէ պատիժ որեւէ մեկի նկատմամբ, միայն փորձ արվեց Ռոբերտ Քոչարյանին եւ մի քանի թիմակիցների վրա մեղադրանքներ հարուցել, սակայն բոլորը հերթով կոտրվեցին, ու, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանը մաքրագործեց Ռոբերտ Քոչարյանին՝ նրան վերջնականապես մաքրելով «Մարտի 1»-ի թեմայից: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք որոշվել է մարտի 1-ին նվիրված հուշարձան տեղադրել Երեւանի քաղաքապետարանի հարակից հատվածում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, որպեսզի բացահայտի մարտի 1-ի ողբերգական օրը, սակայն հիմա բավարարվում է հուշարձան դնելով: Հիշեցնենք նաեւ, որ Լենա Նազարյանը մարտի 1-ի ողբերգության զոհերին փոխհատուցում տալու մասին շտապ նախագիծ ներկայացրեց, սակայն հիմա մոռացել է պահանջատիրությունը ու մի անգամ նույնիսկ չի հետաքրքրվել հրապարակավ՝ ինչու չբացահայտվեց «Մարտի 1»-ը, եւ ինչու Նիկոլ Փաշինյանը խաբեց բոլորիս:
ՔՊ խմբակցությունը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, երեկ փակ հանդիպում է արել ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումը բավականին կարճ է տեւել՝ մոտ 1 ժամ: Ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, պասիվ հանդիպում է եղել, արտառոց միջադեպեր չեն գրանցվել, նաեւ մասնակիցներն են քիչ եղել: ՔՊ-ականները հիմնականում պատրաստվել են այսօրվա ԱԺ նիստին, որոշել են քվեարկությունների հարցը, ով ինչ է խոսելու, ինչի վերաբերյալ է ելույթ ունենալու հիմնականում եւ այլն: Տեղեկացանք նաեւ, որ իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել», սուր չքննադատել ընդդիմադիրներին: Թեեւ հերթական քառօրյայի օրակարգում 19 հարց է ընդգրկվել, սակայն իշխող ֆրակցիայի համար կարեւոր է անցկացնել հատկապես «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, ուստի որոշել են միաձայն կողմ քվեարկել նախագծին: Տեղեկացանք, որ ընդդիմությունն էլ պատրասվում է այս նախագծի հետ կապված «թեժ» քննարկում այսօր ծավալել ԱԺ-ում եւ մանրամասն ներկայացնել դրա խնդրահարույց կողմերը: Այս առումով ակտիվ է լինելու հատկապես Արծվիկ Մինասյանը, որն այսօր ընդդիմության անունից ներկայացնելու է միասնական տեսակետ՝ տվյալ նախագծի վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ֆրակցիան երեկվա փակ նիստում քննարկել է նաեւ ՄԻՊ թեկնածուի հարցը, սակայն այդպես էլ վերջնական որոշման չի եկել, պատգամավորներից մի քանիսն իրենց թեկնածուների անուններն են տվել, սակայն որեւէ թեկնածուի շուրջ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ի սկզբանե ներքին որոշում է ունեցել՝ ե՛ւ դատավոր Զարուհի Նախշքարյանի, ե՛ւ դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր նեղ թիմի մոտ անկեղծացել է, թե նպատակ չունի Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանն, իհարկե, ուղիղ խոսք չի տվել որեւէ բան Ստեփանյանի կողմնակիցներին, սակայն ինչպես նկատում ենք, նրա զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել: Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւան քաղաքի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, իսկ Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. սա Ստեփանյանի երկրորդ նկատողությունն էր:
Ծանր կամ առանձնապես ծանր հանցանք առաջին անգամ կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից: Այդպիսի կարգավորում է առաջարկում ՀՀ արդարադատության նախարարությունը: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը՝ գործուն զղջալու հիմքով) լրացնել 1.1 մասով եւ դրանով իսկ նախատեսել կարգավորում, որ այն դեպքերում, երբ անձի՝ առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Այստեղ ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարեւոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը: Այսինքն՝ ստացվում է՝ դատարանները թեթեւացնելու համար ծանր հանցագործներին հնարավորություն են տալիս ազատվելու: