Այսօր Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին բնակիչների մոտ խուճապային տրամադրություն չկա:
«Ինչպես միշտ, այսպիսի իրավիճակներում Արցախը թաղվում է լռության մեջ: Համատարած լռություն է, որովհետև մենք հերթական ցավն ենք գրանցում, որի հաղթահարումը արդեն անհնարին է դարձել: ՈՒնենք 4 զոհ, և այս ամենն այլևս հնարավոր չի ընկալել, մանավանդ երբ Հայաստանի իշխանությունները հենց հիմա իրենց խաղաղության օրակարգի շուրջ շարունակում են բանակցել:
Երբեք չեն կարող իմանալ երբ կլինի հաջորդ կրակոցը, բայց մոտ մեկ ժամ առաջ խոսել եմ բնակիչների հետ, ասում էին հանդարտ է, բայց ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել:
Այն իրավիճակը, որում մենք հիմա գտնվում ենք, մեզ համար սարսափելի է, մենք այլևս չենք դիմանում, երբ զոհվում են մեր երիտասարդները, մեր քաջերը: Բայց նաև հասկանում ենք, որ այն իշխանությունները, որ մենք ունենք, և հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Արցախից վերջնական հետք չմնա, բնականաբար սա կանխատեսելի էր: Այնպես չէ, որ մենք սպասում էինք, որ այդ թղթի կտորի վրա հերթական ստորագրությունը դնելուց հետո բոլորն ապրելու են խաղաղ և երջանիկ»:
Հարցին, թե այս պահին արտգործնախարարիների հանդիպումն է նաև, սա որևէ բան կարող է փոխել, Հակոբյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, քանի որ այն օրակարգը, որով հանդիպումները տեղի են ունենում, չգիտես խնդալու թե լացելու բան է: Հայաստանը և Արցախը ներկայացնողը գնացել խոսում է խաղաղությունից մի կողմի հետ, որը սպանում է իրենց: Որևէ բան չի կարելի սպասել այդ օրակարգով շփման արդյունքում: Եթե Ազգային շահի գիտակցություն ունեցող իշխանություն լիներ, հենց հիմա պիտի դադարեցներին այդ բանակցությունները և վերադառնային:
Երբ դեկտեմբերին պետք է տեղի ունենար արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, Արարատ Միրզոյանը չներկայացավ, պատճառաբանելով, Արցախի շրջափակումը և հումանիտար խնդիրները, որոնք իրենք պետք է լուծեին: Բայց Արտաքին գործերի նախարարը այդ ժամանակ ընդամենը մի գործ ուներ անելու՝ օգտագործել այդ հարթակը և փորձել ինչ-որ կերպ հաջողության հասնել: Իսկ հիմա, երբ մենք ունենք 4 զոհ, իրենք միգուցե կշարունակեն խաղաղության օրակարգի շուրջ բանակցել, որոնք միայն մահ են բերում»:
Մաշա Մելքոնյան