Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին՝ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը՝ նախագահությամբ հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

«Կատարված աշխատանքների ամփոփումից առաջ հանձնաժողովի անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր զոհված 4 զինծառայողների և հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսների հիշատակը:

Ելույթի իր խոսքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է 2022-ի և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, նշել, որ Արցախի շրջափակումը որոշակի դժվարություններ է ստեղծել նաև բանակցություններում, սակայն հանձնաժողովը չի դադարում թեկուզ հեռավար տարբերակով աշխատել Հայաստանի Հանրապետության գործընկերների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:

«Անհայտ բացակայող ճանաչված անձանց գտնելու քայլերը հարթ չեն ընթանում: Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի Ադրբեջանը և անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը, որը համագործակցության որևէ եզրեր չի պահպանում հայկական կողմի և միջազգային մարդասիրական կառույցների հետ»,- նշել է Կարեն Սարգսյանը, հավելել, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր, որից 30-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձինք: Այս ամենին զուգահեռ, հայկական կողմը ջանք չի խնայում օր առաջ տեղեկություն իմանալու անհայտության մեջ գտնվող Արցախի քաղաքացիների վերաբերյալ:

Զեկույցներով հանդես են եկել և կատարած աշխատանքները ներկայացրել ՆԳՆ ԱԻ պետական ծառայության, պաշտպանության, արտաքին գործերի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների, քննչական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի պատասխանատուները, ինչպես նաև Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության և «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ նախագահները:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես կապված են 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ու մասունքների ԴՆԹ թեստի նույնականացման գործընթացի հետ:

Այս ուղղությամբ հանձնաժողովի նախագահը հանդիպման նոր օր է նշանակել, որին մասնակից կդառնան նաև անհայտ կորածների հարազատները»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս