Կրեմլը չի հետաքրքրվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինով այն բանից հետո, երբ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ դադարեցրել է զինված խռովությունը: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք չենք հետևում նրա [Պրիգոժինի] տեղաշարժին, մենք ոչ դրա հնարավորությունն ունենք, ոչ էլ ցանկությունը»,- հայտարարել է Պեսկովը:
Հիմա սկզբից՝
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը հունիսի 23-ի երեկոյան հայտարարեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները հրթիռակոծել են վարձկանների ճամբարներն ու դիրքերը։ Այդ ընկերության հետ կապված ալիքները հայտնում էին «բազմաթիվ զոհերի մասին»։ Հրթիռակոծությանը հաջորդեց ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունն այն մասին, որ իրենք ուղիղ հակամարտություն են սկսում ՌԴ ռազմական ղեկավարության հետ։
ՌԴ քննչական կոմիտեն արդեն իսկ ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանք է առաջադրել Պրիգոժինին: Իսկ արդեն հունիսի 24-ի առավոտյան Պուտինը ուղերձով դիմեց Ռուսաստանի քաղաքացիներին՝ Եվգենի Պրիգոժինի հեղաշրջման փորձն անվանելով «դավաճանություն», ինչպես նաև՝ «հարված Ռուսաստանի թիկունքին»։
Պուտինը տեղի ունեցածը համեմատել է 1917 թվականի իրադարձությունների հետ և խոստացել, որ բոլորը, ովքեր «կանգնել են դավաճանության ճանապարհին, կպատժվեն»։
«Կձեռնարկվեն վճռական գործողություններ Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այն դեռեւս բարդ է։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Սակայն հիմա հարց է առաջանում, ի՞նչն է պատճառը որ Մոսկվան այլև չի հետաքրքքրվում Պրիգոժինով, մինչդեռ մինչև նրա Բելառուս մեկնելը պաշտոնական Մոսկվան ոչ միայն պարբերաբար անդրադառնում էր նրա գործողություններին, այլև խոստանում, որ կպատժվի: Իսկ այսօր Պրիգոժինը ոչ միայն չի պատժվել, այլև Պուտինը դադարել է հետաքրքրվել նրանով: Գուցե պատճառն այն է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չի տվել, քանի որ վերջինս վաղուց անձամբ ծանոթ է Պրիգոժինի հետ՝ մոտ 20 տարի։
Նշենք նաև, որ Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում «երախտապարտ են Լուկաշենկոյին իր այդ ջանքերի համար»։
Մաշա Մելքոնյան