Արդեն շուրջ 200 օր է ադրբեջանցիները արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը։ Այդ պատճառով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ և նույնիսկ հումանիտար բեռներ հնարավոր չէ ուղարկել Արցախ։
Այն հարցին, թե ովքե՞ր են մեղավոր այս իրավիճակում, հարցված քաղաքացիների 27,8%-ը մեղադրում է Ադրբեջանին, մինչդեռ ամիսներ առաջ նույն մարդկանց 42,5%-ն էր կարծում, որ կատարվածի մեղավորը մեր հարևան, սակայն ոչ բարեկամ երկիրն է։
Ռուսաստանի իշխանություններին հունվարին մեղադրում էին հարցվածների 30,2%-ը, ներկայիս 25,2%-ի համեմատ։ Դե իսկ ստեղծված իրավիճակում՝ ըստ քաղաքացիների, վերը նշված երկրի կողմից ուղարկված խաղաղապահների մեղավորության ցուցանիշը ևս նվազել է. Նախկին 10,2% մեղադրողների փոխարեն այսօր մեղադրում են հարցվածների 9,4%-ը։
Պատկերն այլ է Հայաստանի դեպքում։ Եթե մնացած դեպքերում մեղադրանքները «քչացել» են, այս դեպքում հակառակն է։ Քաղաքացիների 29,0%-ը հունվարին մեղադրում էր հայկական իշխանությանը, այսօր՝ 35,0%-ը։
Մեծացել է նաև այն մարդկանց քանակն ովքեր դժվարանում են պատասխանել. Նախկին 4,5%-ի փոխարեն 11,2 %:
Մարիամ Ղազարյան