Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովի պահվածքը, ով սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին, որոնք այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Վագիֆ Սադիքովը «Թվիթեր»-ում ԵԽ պատգամավորների հասցեին արված սպառնալից գրառման համար կանչվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայություն։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ Սադիքովը գրառում էր արել «Թվիթեր»-ում՝ սպառնալիքներ հնչեցնելով ԵԽ պատգամավորների հասցեին։ Նա տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր և նկարագրություն՝ հետևյալ մակագրությամբ. ««Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։
Թեմային անդրադարձել էր OC Media լրատվական հարթակը՝ մեջբերելով ԵՄ խոսնակի և Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի արձագանքները Սադիքովի գրառմանը։ Եվրոպական Միության խոսնակն ընդգծել էր, որ դատապարտում են նման պահվածքը, որը հարիր չէ ԵՄ-ում հավատարմագրված դեսպանին։
Ադրբեջանի դեսպանի սպառնալից գրառմանն անդրադարձել է նաև Euobserver-ը, որը զրուցել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ, ով ղեկավարել էր Հայաստան այցելած ԵԽ պատվիրակությունը։
Լուազոն հայտնել է, որ Սադիքովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է։ «Մենք ուսումնասիրում ենք այս հարցը»,- ասել է Մեցոլայի խոսնակը։
ժոզեպ Բորելի գրասենյակից նշել են, որ Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունն այդ գրառման հետ կապված կանչել է Ադրբեջանի դեսպանին և նրան հստակ ասել, որ ակնկալում են, որ դա վերջին անգամը կլինի, երբ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք կդրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։
Նատալի Լուազոն հավելել է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի սպառնալից ու վիրավորական գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին՝ հստակեցնելով, որ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Լուազոն ընդսգծել է, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էլ նման հռետորաբանություն է օգտագործում։
Հիշեցնենք, որ Սադիքովը մեկնաբանություն էր թողել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի գրառման տակ, ով Թվիթերում հայտնել էր Եվրախորհրդարանի պատգամավորների այցի մասին՝ մեջբերելով Ադրբեջանին ուղղված նրանց կոչն առ այն, որ Ադրբեջանը պետք է «անհապաղ հեռանա Հայաստանի տարածքից և հարգի իր միջազգային իրավական պարտավորությունները, այդ թվում՝ դադարեցնի Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը»։