Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անամոթ ստեր է տարածում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Երեկ Հաջիևը պարող մարդկանց տեսագրություն է հրապարակել իր միկրոբլոգում և նշել, թե իբր սուտ են հայկական կողմի պնդումներն այն մասին, թե տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է։
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ ու փորձելով ծածկել իր պետության, իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը»,– գրել է Մարուքյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների՝ կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով նրանց։
«Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարության հետևում։ ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է»,– ընդգծել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։