Ստեփանավանի սոցիալական ծառայությունների աշխատակիցները գումար են հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության նախկին պետն ու աշխատակիցները հափշտակել են 245 մլն դրամ․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից:

«Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանց Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք բնակիչների գիտության, վերջիններիս ընտանիքներին ձևականորեն ընդգրկել է անապահովության գնահատման համակարգում:

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն Գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, անապահովության գնահատման համակարգում վերոնշյալ ընտանիքներին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ ներառել է նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ, որի արդյունքում պետական բյուջեից ստացված նպաստի գումարներից խարդախությամբ հափշտակել են 245 մլն 313 հազար 500 դրամ։

2023 թվականի հուլիսի 13-ին հսկող դատախազը Ա.Ղ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)»,- ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս